Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում, որ կայանալու է ապրիլի 8-ին, սկսվելու է մի գործընթաց, որը հանգեցնելու է իշխանափոխության արտահերթ նախագահական, ապա խորհրդարանական ընտրությունների միջոցով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Մանուկ Սուքիասյանը:

Մեկնաբանելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկի (Հովհաննես Սահակյանի-խմբ.) հայտարարությունը, թե իշխանությունները ՀԱԿ-ին թույլ չեն տալիս հանրահավաք անել Ազատության հրապարակում, որպեսզի ժողովուրդը հերթական հիասթափությունը չապրի, քանի որ ընդդիմությունը անելու ոչինչ չունի, Սուքիասյանն ասել է. «Անել ասելով նկատի ունեն իշխանությունն արյան գնով պահելը: Ինչ մնում է նրան, որ հանրահավաքի մասնակիցներին թույլ տվեցին մուտք գործել հրապարակ, իշխանությունը պարզապես ընտրություն չուներ` հաշվի առնելով մասնակիցների թիվը: Այնպես որ դա իշխանությունների բարի կամքի դրսեւորում չէր: Եթե անգամ մերժում ստանային, մուտք էին գործելու Ազատության հրապարակ»:

Սուքիասյանի կարծիքը չկիսեց մյուս բանախոսը` Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Գալստյանը` նկատելով, որ դեպքեր են եղել, երբ ՀԱԿ-ի հանրահավաքներին ավելի շատ մարդիկ են եղել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել մուտք գործել Ազատության հրապարակ:

Հարցին, թե որքա՞ն պետք է լինի հանրահավաքի մասնակիցների թիվը, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա երկրում, Սուքիասյանը պատասխանեց, որ չկա կոնկրետ սանդղակ: Իսկ դիտարկմանը, թե ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել էր 200 հազար թիվը, Սուքիասյանն արձագանքեց. «Զուրաբյանը նշել է 200 հազար թիվը, սակայն իշխանափոխություն հնարավոր է նաեւ 180 հազարի դեպքում: Ես չեմ ուզում թվեր ասել, սակայն կարող եմ ասել, որ իշխանափոխության համար անհրաժեշտ է էլ ավելի շատ մարդկանց ներկայություն, քան կար մարտի 17-ի հանրահավաքում: Հանրահավաքին ներկա մարդկանց թիվը բավարար չէր, դրա համար էլ նրանց ասվեց, որ պետք է տուն գնալ»: