Թուրքիայի Ռիզե քաղաքում Հայաստանի քաղաքացի Ներսիկ Նազարյանը դիմել է ոստիկանություն՝ իրեն գումարով օգնելու համար։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ 44-ամյա հայաստանցի Թուրքիա էր մտել Արդվինի սահմանակետից՝ Թուրքիայում աշխատանք գտնելու հույսով։ Սակայն գործ չճարելու հետեւանքով Ներսիկը մնացել է առանց գումարի եւ օգնության համար դիմել Ռիզեյի ոստիկանության վարչություն։
Ոստիկանությունում հայաստանցին ասել է, թե Սամսուն քաղաքում ընկերներ ունի, որից հետո ոստիկանները նրան ճանապարհածախսի եւ սնվելու գումար են տվել, որպեսզի նա հասնի Սամսուն։
Նշենք, որ այս տեղեկությունը բավականին տարօրինակ է, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար Թուրքիայում աշխատելու թույլտվություն չկա։
Բացի այդ, հայաստանցիներին Թուրքիա մտնելու համար տրամադրում են միայն 1 ամիս տեւողությամբ տուրիստական վիզա։ Եւ այն, որ ոստիկանությունը գումար է տալիս, որ հայաստանցին գնա Սամսունում աշխատանք ճարի, առնվազն ծիծաղելի է։





























