Որքանով է ճիշտ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության վարմունքը` չնկատել այլ կուսակցությունների առաջնորդներին, մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ արհամարհական վերաբերել նրա հացադուլին: Նման հարցադրում է արել «Հնչակյան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Գալստյանը:

Ի պատասխան Հայ ազգային կոնգրեսի անդամ Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, թե վերջին շրջանում «Ժառանգությունը» շատ քիչ է աջակցել ՀԱԿ-ին. «Ավելին, նախավերջին հանրահավաքի ընթացքում նա ժամանեց եւ չբարեհաճեց բարձրանալ հարթակ»: Հարցին, եղե՞լ է արդյոք հրավեր հարթակից` Սուքիասյանը պատասխանեց. «Իսկ իրեն որեւէ մեկը հրավիրե՞լ էր հանրահավաքի: Ինչո՞ւ էր եկել, որ չբարձրանա՞ հարթակ եւ մնա ժողովորդի մեջտեղում»:

Նախքան դիտարկմանը պատասխանելը Գալստյանը նկատել է, թե «Ժառանգության» փաստաբանը չէ, սակայն ուզում է հիշեցնել որոշ իրադարձությունների մասին. «Երբ ՀԱԿ-ի շատ առաջնորդներ խորը ընդհատակում էին, «Ժառանգության» անդամներն էին նրանց ակտիվիստներին հանում ոստիկանությունից: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է նման նվաստացուցիչ վերաբերմունք դրսեւորել այն մարդկանց նկատմամբ, ովքեր մարդկայնորեն օգնել են ՀԱԿ-ին»:

Պատասխանելով NEWS.am-ի հարցին` արդյոք ամոթալի՞ է հանրահավաքի ժամանակ գտնվել ժողովրդի մեջ, Սուքիասյանը պատասխանել է. «Ամոթ չէ, պատվաբեր է, բայց երբ դա անում է մի մարդ, ով սկսած 2008-ից չի հայտնվել որեւէ հանրահավաքում, իսկ այժմ հանդիսավոր գալիս է եւ մի կողմ քաշվում` սպասելով, որ իրեն հրավիրեն: Կներեք, բայց դա թատերական ներկայացում է, շոու»: