Բրիտանացի զինվորները Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արեւմտյան մասում սպանել են երեք քաղաքացիների: Այս մասին, ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, ապրիլի 6-ին հաղորդել է Քաբուլի ոստիկանության պետը, նշելով, որ ողբերգության պատճառ է հանդիսացել բրիտանացիների կողմից կատարված ճանապարհային պատահարը, ինչի հետեւանքով մահացել է երկու տեղացի:
Ըստ տեղեկությունների` միջադեպին ականտես աֆղանցիները փորձում էին կանգնեցնել զինվորին, ով ցանկանում էր արագ լքել դեպքի վայրը: Ի պատասխան` բրիտանացիները կրակ են բացել` սպանելով մի տղամարդու եւ երեխայի, այժմ ընթանում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ սա Աֆղանստանում խաղաղ բնակիչների սպանության առաջին դեպքը չէ: Փետրվարի 25-ին Աֆղանստանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` ՆԱՏՕ-ի ուժերը մեկ շաբաթվա ընթացքւոմ սպանել են 65 քաղաքացիների: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, իշխանությունները եւս նշել են, որ զոհերի մեծ մասը կանայք եւ երեխաներ են:





























