Բեջեթ Պակոլին, ում` Կոսովոյի նախագահ ընտրվելը նախորդ ամիս Սահմանադրական դատարանն անօրինական էր ճանաչել, զիջումների է գնացել եւ համաձայնել է նորից չառաջադրել իր թեկնածությունը:
Իր որոշման մասին Պակոլին հայտնել է երկրի վարչապետ Հաշիմ Տաչիի, ինչպես նաեւ երկրում ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Ժողովրդական դաշինք»-ի ղեկավար Իսա Մուստաֆայի հետ հանդիպման ժամանակ: Այս հանդիպումը կազմակերպել էր Կոսովոյում ԱՄՆ դեսպան Քրիստոֆոր Դելլը ապրիլի 5-ին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում անելով տեղական Gazeta Express-ին:
Արդյունքում` հանդիպման մասնակիցները որոշել են, որ նախագահի պաշտոնի համար Պակոլիի փոխարեն կառաջադրվի փոխզիջումային թեկնածու:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի, նախագահը պետք է հրաժարական տա:
Նշվում էր, որ Կոսովոյի Սահմանադրական դատարանը, դիտարկելով ընդդիմության բողոքները, որոշել է, որ խորհրդարանի նիստում փետրվարի 22-ին Պակոլի ընտրությունը եղել է անօրինական:





























