Ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնում, որ այսօր` մարտի 6-ին ժամը 17:00-ի սահմաններում, Քասախ գետում երկու հոգի խեղդվում են:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը պարզել է, որ Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանային համալիրի մոտ գտնվող Քասախ գետն են ընկել երկու տղամարդ: Մինչ դեպքի վայր կհասնեին ոստիկանության Աշտարակի բաժնի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները, քաղաքացիները կարողացել են փրկել մի տղամարդու` 48-ամյա Աշոտ Կարապետյանին, եւ նրան շատպօգնության մեքենան տեղափոխել է Աշտարակի քաղաքային հիվանդանոց: Սակայն 47-ամյա Մանվել Ավետիսյանին առայժմ չեն գտել: Նախնական տեղեկություններով, նա արդեն խեղդվել է: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ` գետը շատ վարար է:

Այս պահին դեպքի վայրում են փրկարար ծառայության աշխատակիցները, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները` ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրից մոտ 5-7 կմ հեռավորության վրա` Օշականի կամրջի մերձակայքում Աշտարակի ոստիկանության եւ մարզի փրկարարական վարչության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացնում, ակայն ապարդյուն: 

Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Աշտարակի բաժնի քննիչներն ու հետաքննիչները, որոնք առգրավել են նշված անձանց հագուստները, եւ քննչական աշխատանքներ են իրականացնում: 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի