Երեւանում այսօր` ապրիլի 7-ին ժամը 10:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի վրա շրջվել է ջրատար ավտոմեքենան:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 693 ՕՕ 64 համարանիշի բեռնատարի վարորդը, հավանաբար, չկարողանալով տիրապետել մեքենայի կառավարումը, շրջվել է` վնասելով բետոնե արգելապատնեշները: Բարեբախտաբար նա վնասվածքներ չի ստացել, զոհեր եւ վիրավորներ չկան: Պատահարը տեղի է ունեցել «Արքայաձոր» ռեստորանային համաալիրի դիմաց:
Այս պահին Նոր Նորքից Երեւանի կենտրոն իջնող ճանապարհին մեծ խցանումներ են առաջացել, որը բացելու համար մեծ թվով ճանապարհային ոստիկաններ են ժամանել:
Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքներ է կատարում ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը: Վարորդը 48-ամյա Սուրեն Մելքոնյանն է:
Այս պահին դեպքի վայր կռունկ են կանչում, որ բացեն ճանապարհը:










Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























