ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արհամարհել է Մուամար Քադաֆիի` Բարաք Օբամային հասցեագրված տարօրինակ անձնական ուղերձը, որում կոչ է արվում դադարեցնել ՆԱՏՕ-ի օդային գործողությունը Լիբիայում: Քլինթոնը հայտարարել է, թե հակամարտության դադարեցման համար պահանջվում է, որ Քադաֆին վայր դնի լիազորությունները:
Քադաֆին իր նամակում ՆԱՏՕ-ին մեղադրել է Լիբիայի դեմ «անազնիվ» պատերազմ մղելու մեջ եւ պնդում է, թե հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը պետք է տալ լիբիացիներին` Աֆրիկյան Միության շրջանակներում: Քադաֆին ասել է, թե իր դեմ ապստամբության հետեւում կանգնած է «Ալ-Քաիդան»:
Լիբիայի առաջնորդը դիմել է ԱՄՆ սեւամորթ նախագահին «Աֆրիկայի որդի» անունով եւ գրել, թե չնայած ՆԱՏՕ-ի հարձակմանը, հուսով է, որ Օբաման կհաղթի նախագահական ընտրություններում:
Նշենք, որ Ջամահիրիայի առաջնորդի նամակն ավելի վաղ չէր հրապարակվել:





























