Արագածոտնի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները քիչ առաջ Քասախ գետում հայտնաբերել են 47-ամյա Մանվել Ավետիսյանի դին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին հայտնաբերվել է դեպքի վայրից 3,5-4 կմ հեռավորության վրա:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ապրիլի 6-ին ժամը 17-ի սահմաններում Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանային համալիրի մոտ գտնվող Քասախ գետն էին ընկել երկու տղամարդ: Նախքան ոստիկանության Աշտարակի բաժնի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզի փրկարար ծառայության աշխատակիցների ժամանումը, քաղաքացիները փրկել էին մի տղամարդու` 48-ամյա Աշոտ Կարապետյանին, եւ նրան շտապօգնության մեքենան տեղափոխել էր Աշտարակի քաղաքային հիվանդանոց:
Գետը շատ վարար է եղել, եւ մինչ այսօր փրկարարները որոնում էին Մանվել Ավետիսյանի դին:
Դեպքի վայրում են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը եւ դատաբժիշկը: Ժամանել է նաեւ շտապօգնության մեքենան, որը դիակի զննությունից հետո այն տեղափոխելու է դիահերձարան:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























