ՆԱՏՕ-ն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն ոչ Վրաստանի հետ համագործակցության կրճատման հաշվին, ապրիլի 7-ին Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանում գտնվող Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ինտենսիվացումը կարեւոր է եվրոպական անվտանգության ապահովման համար։ Սակայն դա չի խանգարի Վրաստանի հետ մեր հարաբերություններին»,- ընդգծել է նա։
Ապաթուրայն ասել է, որ համաձայն ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգի՝ դաշինքն ապագայում զգալիորեն կփոխի անդամ երկրների հետ իր հարաբերություները։ «Մենք գնալու ենք ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ընդգծել է նա։
Ապաթուրայի այցի շրջանակներում նախատեսված են ՆԱՏՕ-ի քարտուղարի հատուկ ներկայացուցչի հանդիպումները Վրաստանի փոխվարչապետի, եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին ինտեգրացիայի հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեի, ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի հետ։





























