Քիչ առաջ հրդեհ էր բռնկվել Ավան վարչական շրջանում գտնվող «Ֆլեշ» նավթամթերքների բազայի տարածքում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:09-ին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայություն, որ Աճառյան 46/3 հասցեում գործող «Ֆլեշ» նավթամթերքի բազայի տարածքում հրդեհ է բռնկվել:

Կարճ ժամանակ անց հրդեհի վայր են ժամանել մի քանի հրշեջ ծառայությունների աշխատակիցներ` վեց մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում էին նաեւ Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ խումբը` օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր փրկարար ուժերի վարչության պետ, գեներալ-մայոր Վաչիկ Նիկողոսյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էին նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, այրվում էր «ՄԱԶ» մակնիշի բենզատարը: Հրշեջները կարողացան կանխել հրդեհ հետագա տարածումը:

«Ֆլեշի» աշխատակիցները, հայհոյանքներ եւ սպառնալիքներ տալով, խոչընդոտում էին լրագրողի աշխատանքը` անգամ չէին թողնում որ նկարահանում կատարի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնի աշխատակիցը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի