Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին խորհուրդ է տվել ազատ արձակել Թբիլիսիի դատարանի կողմից 7 եւ 6,5 տարվա ազատազրկման դատապարտված իսրայելցի գործարարներին։ «Եթե Սահակաշվիլիի տեղը լինեի, ներողություն կխնդրեի իսրայելցի գործարարներից եւ նրանց ազատ կարձակեի»,- հայտարարել է նա։
Շեւարդնաձեն կարծում է, որ ապացույցները, որոնց հիման վրա դատապարտել են գործարարներին, «անբավարար են» եւ «թույլ»։ «Այդ փաստը բացասական արձագանք գտավ աշխարհոմ եւ կարծում եմ, որ այն չեզոքացնելու համար անհրաժեշտ է ազատ արձակել գործարարներին, որոնց ես ապօրինի կերպով դատապարտված եմ համարում»,- ընդգծել է նա։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը ապրիլի 1-ին մեղադրական վճիռ է կայացրել իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զաեւ Ֆրենկելի նկատմամբ՝ նրանց մեղավոր ճանաչելով պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Դատարանը Ռոնի ֆուքսին դատապարտել է 7 տարվա ազատազրկման եւ 500 հազար լարի (295 հազար դոլար) տուգանքի, իսկ Զաեւ Ֆրենկելին՝ 6,5 տարվա ազատազրկման եւ 100 հազար դոլար լարիի (60 հազար դոլար)։
Գործարարներ Ռոնի Ֆուքսը եւ Զաեւ Ֆրենկելը Բաթումիում ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին. նրանց մեղադրել էին Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 մլն դոլար կաշառք տալու մեջ:





























