Հայ ազգային կոնգրեսն իր քարոզչաթերթիկներում փնովում է բոլորին եւ ամեն ինչ, եւ անգամ անհասկանալի է` ում է դա ուղղված, Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, թե Տիգրան Կարապետյանին: Այդ մասին այսօր` ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը` մեկնաբանելով երկրի ներքաղաքական իրավիճակը:
Նրա խոսքով, Դավիթ Շահնազարյանը բոլորին «պրոյեկտ» է անվանում, սակայն հարց է ծագում «իսկ ո՞վ է խոսում»:
«Նման հայտարարություն անում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը, ում օրոք նկուղներում տանջում էին մարդկանց: Սեւ անցյալով մարդիկ ցանկանում են սեւացնել անթերի հեղինակությամբ մարդկանց: Կամ էլ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում ստամոքսում մնաց հոկտեմբերի 27-ի գործը: Եվ նման մարդիկ իրավունք ունե՞ն փնովել անթերի անցյալով մարդկանց»,- ասել է Կարապետիչը:
Նա նշել է նաեւ, թե իրեն մեղադրում են իշխանությունների հետ գործարքի մեջ` հերքելով դա: Կարապետյանը նշել է, թե այսօր ՀԱԿ-ն ուզուրպացնում է ընդդիմադիր դաշտը` մյուս ուժերին «իշխանության պրոյեկտներ» անվանելով:





























