Մարդկանց համար, ովքեր հավասարապես չեն սիրում ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին, երրորդ դաշտում կազմավորված ընդդիմությունն այլընտրանք կդառնա։ Ապրիլի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ միաժամանակ նշելով, որ ԺԿ-ն երբեք չի միանա ո՛չ Հայ ազգային կոնգրեսին, ո՛չ իշխող կոալիցիային։
Նա նաեւ նկատեց, որ ՀԱԿ-ում նորմալ մարդիկ շատ կան, սակայն կմախքը կազմում է ՀՀՇ-ն:
Կարապետյանը նաեւ փաստեց ՀՅԴ-ի հանդեպ իր շատ լավ վերաբերմունքի մասին՝ Դաշնակցությանն անվանելով մի փոքր սպեցիֆիկ եւ հայրենասիրական կուսակցություն։ Կարապետյանը վերջերս սկսել է դրական վերաբերել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։
Սակայն, Կարապետյանի կարծիքով, իր համար այդպես էլ գաղտնիք մնաց այն հանգամանքը, որ հացադուլի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանի ոստիկանության ղեկավարին եւ խորհրդարանի խոսնակին, ովքեր այն իշխանության ներկայացուցիչներն են, որոնց դեմ պայքար էր մղում քաղաքական գործիչը։
Բացի այդ, անհասկանալի էր նաեւ հացադուլն ավարտելու պատճառաբանությունը. «վաղը դստերս ծննդյան օրն է»։ «Բայց ամեն դեպքում ես հարգում եմ նրան»,- ասաց ԺԿ նախագահը։
Չբացառելով քաղաքական որեւէ ուժի հետ միավորման հնարավորությունը՝ Կարապետյանը նշեց, որ ապրիլի 10-ին կայանալիք հանրահավաքին ինքը մենակ կլինի։





























