«Տաշիր» մրցանակաբաշխության շուրջ բարձրացված աղմուկն ընդամենը հայկական չկամության արդյունք է: Այսօր` ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ օրերս կայացած «Տաշիր 2011» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում կազմակերպիչները տարբեր անվանակարգերում ոչ միայն պատվոգրեր, այլեւ բնակարաններ եւ թանկարժեք ավտոմեքենաներ են նվիրել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Երեւանի կենտրոնում բնակարան են ստացել Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Լուսինան, իսկ Էմմին եւ ռազմիկ Ամյանը մեքենա են ստացել: Բնակարան էր ստացել նաեւ Քսենյա Սոբչակը: Դա մեծ հակազդեցություն էր գտել հատկապես սոցցանցերում, եւ մի խումբ անձինք «աստղերին» կոչ էին արել իրենց բնակարանները օգտագործել բարեգործական նպատակներով:
Ըստ Բոստանջյանի, «չի կարելի անընդհատ շրջանառել այդ ակցիան, հա ինչ, բնակարան են տվել, էլի»: Մի կողմ թողնելով Քսենյա Սոբչակի արժանիքները մշակույթի զարգացման գործում, պատգամավորը անպարկեշտ տոնով ասաց. «թող լինի նաեւ Սոբչակը»: Ողջ աղմուկը, ըստ Բոստանջյանի, հետեւանք է հայկական տարրական չկամության: Մյուս կողմից աղմուկի համար մեղավոր են լրագրողները, դե դա էլ հասկանալի է` հաշվի առնելով լրագրողական հանրույթի աղքատ վիճակը:





























