Ամեն տարվա նման (սկսած 2007-ից) այս տարի եւս ապրիլի 10-ին Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ կհավաքվեն հայերն ու թուրքերը, ցուցադրելով իրենց հավատարմությունը փոխադարձ հարգանքի եւ ըմբռնման հարաբերություններին: Ակցիայի նախաձեռնողը Biz Miyassine (մենք միասին ենք) կազմակերպությունն է, գրում է Nouvelles d`Arménie-ն:
«Կարեւոր է, որպեսզի շատ հայեր եւ թուրքեր հավաքվեն Կոմիտասի հուշարձանի մոտ, որը խորհրդանշում է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, առանց որեւէ հռետորության: Դրանով ներկաները ցույց կտան, որ չի կարելի կենսունակ ապագա կառուցել, եթե այն չի կառուցվում պատմական ճշմարտության եւ մարդկային հարաբերություններում թափանցիկության վրա: Հայերը չեն կարող դուռը փակել բարի կամք դրսեւորող թուրքերի առաջ, թուրքերն էլ չեն կարող փակել իրենց աչքերը հայերի ցավի առաջ»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: Նախաձեռնության հիմնադիրներն են Միշել Աթալայն ու Դենիս Դոնիկյանը:





























