Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքում արտառոց որեւէ բան չի լինի: Այդ մասին ապրիլի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը` միաժամանակ հավելելով, թե որեւէ գործողություն չի կարող իրականացվել, քանի որ իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ բանակցային գործընթաց է գնում:
Ըստ Կարապետյանի, եթե բանակցություններ չլինեին, որոնց մասին հայտարարում էր Դավիթ Շահնազարյանը, վաղվա հանրահավաքին հնարավոր էր առաջընթաց գրանցել:
Կարապետյանը կարծում է նաեւ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները սովորություն են դարձրել խոստումներ եւ անիմաստ հույսեր տալ ժողովրդին. «Չի կարելի խաբել ժողովրդին, այլ պետք է լսել նրան: ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին ժողովուրդը ցանկանում էր մնալ Ազատության հրապարակում, վանկարկում էր «Հիմա, հիմա», իսկ պապին (Լեւոն Տեր-Պետրոսյանը-խմբ.) բոլորին ուղարկեց տուն: Մի՞թե մարտի 17-ին եղանակն ավելի ցուրտ էր, քան 2008-ի մարտի 1-ին»:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին` որքանո՞վ է հավանական, որ ՀԱԿ-ը հանրահավաքն անցկացնի Ազատության հրապարակում, Կարապետյանն ասել է. «Շատ հնարավոր է: Այս անգամ հրապարակում կմնան չորս ժամ, կպարեն եւ կերգեն: Ինձ պատմել են, թե ինչպես էր պարում Ջհանգիրյանը, նա թռչկոտում էր, այլ ոչ թե պարում: Ամոթ է, թող գնա եւ պարել սովորի, ախր տեսախցիկով են նկարում»:





























