Ոստիկանության գլխավոր տնօրենի տեղակալ Ատիֆետե Յահյագան ապրիլի 7-ին ընտրվել է Կոսովոյի նախագահ:

Ըստ AFP-ի`Յահյագայի ընտրության շուրջ համաձայնության էին եկել իշխող կոալիցիան` վարչապետ Հաշի Տաչիի գլխավորությամբ եւ հիմնական ընդդիմադիր ուժը` «Կոսովոյի ժողովրդական լիգա» կուսակցությունը: Կոսովոյում ընտրությանը նախորդել էր քաղաքական ճգնաժամը:

Համաձայն գործող օրենքի` Կոսովոյի նախագահ ընտրում է 120 հոգուց բաղկացած խորհրդարանը:

Յահյագան ծնվել է 1975թ ապրիլի 20-ին Կոսովոյի Ջակովիցա քաղաքում: Նա իրավաբանական կրթություն է ստացել Պրիշտինայում, ապա սովորել է Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանում: «Ռիա Նովոստին» գրել է, որ Յահյագան համարվում է Կոսովոյի ոստիկանության ամենապրոֆեսիոնալ աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ 2008թ փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական իշխանությունները ԱՄՆ-ի եւ Եվրամիության մի շարք երկրների աջակցությամբ անկախություն են հռչակել Սերբիայից: Ներկա դրությամբ, Կոսովոյի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից 75-ը: