ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիին կոչ է արել թողնել իր պաշտոնը եւ դադարեցնել իրեն հավատարիմ զորքերի գրոհներն ապստամբների նկատմամբ:

«Հազիվ թե այն գործողությունները, որոնք սպասում են Քադաֆիից, գաղտնիք լինեն: Որքան շուտ նա դրանք կատարի, այնքան արագ կավարտվի արյունահեղությունը, եւ լավ կլինի բոլորի համար», - հայտարարել է պետքարտուղարը:

Հայտնի է դարձել, որ լիբիական առաջնորդին նույնատիպ առաջարկություն է արել նաեւ ամերիկացի նախկին կոնգրեսական Կուրտ Ուելդոնը, ով ոչ պաշտոնական պատվիրակության շրջանակում արաբական երկրներում է:

Նա մասնավորապես կոչ է արել Քադաֆիին հայտարարել հրադադարի մասին: Քադաֆիին առաջարկվել է թողնել երկրի կառավարումը, որից հետո Լիբիան պետք է ղեկավարի ներկայիս առաջնորդներից եւ ապստամբներից ձեւավորված կառավարությունը: Միաժամանակ Քադաֆին կարող է զբաղեցնել Աֆրիկական միության պատվավոր նախագահի պաշտոնը:

Չնայած Ուելդոնի այցի մասնավոր բնույթին` նրա առաքելությունը հավանության է արժանացել թե Սպիտակ տանը եւ թե կոնգրեսում: