«Նոր ժամանակներ» կուսակցությունը «Ժառանգության» հետ նոր քաղաքական դաշիք ձեւավորելու հարց չի քննարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները:

«Ես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նման հարց քննարկելու նպատակով չեմ հանդիպել, որեւէ մեկի հետ որեւէ միություն կազմելու հարց չեմ քննարկել»,-հավաստիացրեց Կարապետյանը:

Նա նաեւ հավելեց, որ վերջին մի քանի օրերին ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր դիմել են իրեն`ընդդիմադիր քաղաքական միավորում ձեւավորելու շուրջ քննարկումներ սկսելու համար: «Սակայն այդ մարդկանց մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը չկա»,-վստահեցրեց Կարապետյանը:

ՆԺԿ ղեկավարը չբացառեց, որ ապագայում հնարավոր է ՆԺԿ-ն որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմի: «Սակայն այժմ մենք նման քաղաքական ուժ ձեւավորելու խնդիրը չենք քննարկում, քանի որ ներկայումս նման ռեսուրս չկա: Երբ լինեն արտահերթ ընտրություններ, մենք այդ ժամանակ նման խնդիր կքննարկենք»,-վստահեցրեց Կարապետյանը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, երկու օր առաջ, ուշ երեկոյան, ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի միջեւ: Հանդիպման նպատակն է եղել միասնաբար քաղաքական նոր միավորում ստեղծելու հնարավորության քննարկումը: Նոր ընդդիմադիր միավորման նպատակը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայ ազգային կոնգրեսի օրինակով նոր ընդդիմադիր միավորում ձեւավորելն է, որի մեջ ըստ նախաձեռնողների կարող են ընդգրկվել ՀՅԴ-ն, «Սարդարապատ» շարժումը, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը եւ այլք: