Այս տարի բավականին տաք ձմռանից հետո սահուն անցում է կատարվում դեպի գարուն: Այսօր` ապրիլի 8-ին մամուլի ասուլիսում նշեց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Մարտի միջին ամսական ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում` որոշակի դրական եւ բացասական շեղումներով, տեղումները առանձին վայրերում եղել են նորմայի սահմաններում եւ նորմայից պակաս: Ապրիլի ամբողջ տասնօրյակում դիտվեցին տեղումներ, սակայն գրանվեց բավականին բարձր ջերմաստիճան, եւ ծիրանենիները ծաղկեցին 4 օր շուտ` մարտի 27-ին: Ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը` մինչեւ 25 աստիճան տաքություն, գրանցվել է Սյունիքի հովիտներում` Մեղրիում, Կապանում, իսկ Արարատյան դաշտում` 20-22 աստիճան: Ապրիլի 2-ից սկսած` ջերմաստիճանը նվազեց 2-5 աստիճանով, իսկ արեւելյան շրջաններում` Լոռիում, Շիրակում, Տավուշում` ավելի շատ: Այսօր ամբողջ հանրապետությունում միջին ջերմաստիճանը մոտ 1-1,5-ով ցածր է նորմայից»,- նշեց Զ. Պետրոսյանը:

Նրա խոսքով, առաջիկա մեկ շաբաթը կլինի խոնավ եւ ցուրտ, իսկ ամսի 14-ից հետո սպասվում է ջերմաստիճանի ինտենսիվ բարձրացում:

Վերջին մի քանի օրերին դիտվում են տեղումներ, որոնք Զարուհի Պետրոսյանը արտառոց երեւույթ չհամարեց: «Առաջիկայում օդի ջերմաստիճանի կնվազի եւ առաջիկա 5 օրերին տեղումներ կլինեն հանրապետության ողջ տարածքում: Տեղումները հատկապես ինտենսիվ կլինեն ապրիլի 10-12-ին, բարձրլեռնային շրջաններում հնարավոր է նաեւ ձյուն: Մինչեւ ամսի 13-ը ցերեկային ջերմաստիճանները կնվազեն 6-8 աստիճանով, իսկ գիշերային ջերմաստիճանները` 4-5-ով»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ամպամածությանը, Զարուհի Պետրոսյանը բացատրեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլին արեւի փայլը տեսնում ենք ավելի քիչ, քան ձմռանը, հետեւաբար`գարնանը ամպամածությունը ավելի շատ է, քան ձմռանը:

Սեզոնային կանխատեսմամբ` այս տարի ամռանը ջերմաստիճանը կանխատեսվել է նորմային մոտ` դրական շեղումով, տեղումները եւս` նորմային մոտ, չնայած, նրա խոսքով, դա դեռեւս ոչինչ չի ասում առանձին շրջաններում դիտվող եղանակի մասին: