ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին այսօր` ապրիլի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին է ներկայացրել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են նաեւ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր;

Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի շրջանակներում ստանձնած պաշտպանությանն առնչվող նպատակների իրականացման առաջընթացը գնահատելու նպատակով Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գնահատման խումբը քննարկումներ է ունեցել պաշտպանական բարեփոխումների գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների հետ: