Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ Եգիպտոսի եւ Սիրիայի հայ համայնքների վրա, ինչն անհանգստության լուրջ առիթ է։ Ապրիլի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց սփյուռքի մասնագետ Էդուրադ Մելքոնյանը՝ մեկնաբանելով արաբական աշխարհում ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով, Եգիպտոսի 6 հազարանոց հայ համայնքը հիմնականում բնակվում է մայրաքաղաք Կահիրեում եւ Ալեքսանդրիայում։ Եգիպտոսում տեղի ունեցած հուզումների ժամանակ հայ համայնքը չեզոք դիրք է գրավել։ «Այսպես, թե այնպես, հայ համայնքը չէր կարող որոշիչ դեր խաղալ այդ իրադարձություններում։ Ներկայումս եգիպտոսցի հայերը սպասում են իրադարձությունների զարգացումներին»։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այնտեղ, փորձագետի կարծիքով, իրավիճակն այլ է։ Սիրիայում ապրում է 80 հազար հայ, հիմնականում Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում եւ Կեսալիայում։ «Սիրիական իրադարձությունների առաջին օրվանից հայ համայնքը կանգնեց իշխանությունների կողքին՝ հայտարարելով իր հավատարմության մասին։ Նման պահվածքը բնական է, քանի որ հայ համայնքն օգտվում էր բոլոր արտոնություններից, եւ նա իշխանություններից դժգոհելու առիթ չունի»,- նշեց նա։