Եմենում տասնյակ հազարավոր մարդիկ ապրիլի 8-ին ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել ցույցի երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականի պահանջով: Հականախագահական ակցիաները անցել են մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Սանայում եւ Եմենի մեծությամբ երկրորդ քաղաքում` Տաիզայում:

Միեւնույն ժամանակ Սանայում մոտ 100 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին` ի պաշտպանություն գործող նախագահի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այսօր Ալի Աբդուլլա Սալեհը մերժել է հրաժարականի պահանջը, որն արել էր Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:

Հակակառավարական ցույցերը Եմենում չեն դադարում արդեն երկու ամիս: Իրավապաշտպանների տվյալներով, բախումների զոհ են դարձել 100-ից ավելի մարդ: