Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից օրեր առաջ արած հայտարարությունը, թե «Մեծ մուրճ»-ի գործով թուրք զինվորականների կալանման որոշումներն անհասկանալի են, մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ՝ Իզմիրի փաստաբանների պալատի անդամների մի խումբ դատական հայց է ներկայացրել։ Խմբի անունից հայտարարությամբ հանդես եկած փաստաբան Մուսթաֆա Հալիթ Չելիքը նշել է, թե ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը հակասում է Սահմանադրությանը, որով փորձ է արվում միջամտել անկախ դատական մարմինների աշխատանքին։
Նշենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբն իր հայտարարության մեջ տարակուսանք է հայտնել, որ չեն բավարարվել կալանված 163 զինվորականների ազատ արձակման դիմումները: «Անհասկանալի է, ծառայության մեջ եւ պաշտոնաթող 163 զինվորականներին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը»,-նշել է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2010-ի հունվարին թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝ ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։
Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:





























