Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի առավել կարեւոր ձեռքբերումներից է հանրապետությունում ներքաղաքական կայունության պահպանումը` չնայած տարբեր դժվարություններին եւ միջազգային տնտեսական ճգնաժամին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ վերջին երեք տարիներին հանրապետությունը հասել է էական արդյունքների նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում:

«Ներկայացված լինելով տարբեր միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմում` նկատել եմ, որ վերջին տարիներին կտրուկ բարձրացել է հանրապետության միջազգային իմիջը: Միջազգային հանրությունն սկսել է Հայաստանին ընդունել որպես հուսալի գործընկեր, ինչը Երեւանի արտաքին քաղաքական կուրսի գրագետ վարման արդյունք է»,- նշեց Զոհրաբյանը:

Իհարկե, ըստ նրա, չի կարելի ասել, թե հանրապետությունում բոլոր խնդիրները լուծված են. դեռեւս չլուծված հարցեր շատ կան, բայց կարեւորն այն է, որ ակնհայտ է երկրի ղեկավարության` դրանք հաղթահարելու ձգտումը:

Նշենք, որ 2008թ. ապրիլի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: