Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական ուղերձն է հղել, որից հետո PKK-ն հայտարարել է, թե միակողմանի զինադադարը հետաձգում է մինչեւ հունիսի 15-ը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանն իր ուղերձում դիմելով թուրք ժողովրդին ասել է, թե թող իմանան, որ ինքը բանակցում է պետության հետ՝ քրդական հարցի կարգավորումը ժողովրդավարական եւ սահմանադրական ճանապարհով տանելու համար։

«Ցանկանում եմ դիմել պետությանը։ Ընթացող բանակցությունները կարող են պատմական արդյունքներ ունենալ։  Պետք է հնարավորություն տալ սահմանադրական-ժողովրդավարական լուծմանը: Եթե սահմանադրական ու ժողովրդավարական լուծման ուղիները չզարգանան, ինքնաբերաբար սկսվելու պատերազմի ժամանակաշրջանը»,-ասել է PKK-ի առաջնորդը։

Քուրդ ժողովրդին ուղղված իր ուղերձում Օջալանը նշել է, թե ինքը չի կարող ապահովել զինադադար, սակայն պնդում է, որ քրդական հարցը կարգավորվի սահմանադրական եւ ժողովրդավարական ճանապարհով։ «Ես կարեւորում եմ պետության հետ տարվող բանակցությունները։ Պրակտիկ առաջարկությունների փուլում ենք։ Որոշ առաջարկություններ եմ արել։ Եթե իրականացվի, դրական արդյունքներ կստանանք։ Կոչ եմ անում մեր ժողովրդին եւ պարտիզաններին, որ մինչ խորհրդարանական ընտրությունները բավարարվեն միայն իրենց անվտանգության պաշտպանությամբ։ Այդ պաշտպանությունը պետք է լինի ակտիվ պաշտպանություն»,-նշել է Աբդուլլահ Օջալանը։

Նշենք, որ  մոտ 30 տարի PKK-ն պայքարում է Թուրքիայում քուրդ ազգի իրավունքների ճանաչման համար։ Այդ պայքարի ընթացքում սպանվել է 40 հազար մարդ, այդ թվում PKK-ի զինյալներ, թուրք զինվորականներ եւ խաղաղ բնակչություն։

PKK-ի պահանջն է՝  մայրենի լեզվով կրթություն, Թուրքիայի արեւելյան շրջաններում քրդական ինքնավարության ստեղծում՝ Թուրքիայի կազմում։