ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում մանրամասն ներկայացվել են հայկական բանակում եւ ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպերը։ «Հայաստանի կառավարությունը եւ իրավապահ մարմինների աշխատակիցները քաղաքական դրդապատճառներով սպանություններ չեն գործել, սակայն ոստիկանության չորս սպաներ մարդուն ծեծելու եւ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կանգնել են դատարանի առջեւ»,- ասված է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին ապրիլի 8-ի հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում։

Զեկույցում հիշատակվում է Վահան Խալաֆյանի գործի մասին, ով կասկածելի հանգամանքներում մահացել էր Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում։ Հետաքննության արդյունքում հետաքննչական մարմինը եկել էր այն եզրակացության, որ ոստիկանության աշխատակիցների վարքը Վահան Խալաֆյանին ստիպել է ինքնասպանության դիմել։

Քրեական պատասխանատվության էին կանչվել ոստիկանության Չարենցավանի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը։ Նոյեմբերի 29-ին դատարանը Հարությունյանին դատապարտել էր 8, Մորես Հայրապետյանին՝ 2 տարվա ազատազրկման, մյուսներն ազատ էին արձակվել։ Ինչպես նշված է Պետքարտուղարության զեկույցում, տարվա ընթացքում բավական թվով հայտարարություններ են եղել, ըստ որոնց հարցաքննության ժամանակ ոստիկանները ձերբակալվածներին ծեծի են ենթարկում։

Զեկույցում հիշատակվում է նաեւ լեյտենանտ Արտակ Նազարյանի մասին, ով պաշտոնական տվյալներով 2010 թվականի հուլիսի 27-ին ինքնասպանություն էր գործել։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Նազարյանի 4 ծառայակիցներ՝ կապիտան Հակոբ Մանուկյանը , շարքայիններ Ադիբեկ Հովհաննիսյանը, Հարութիկ Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը։ Հետաքննությունը շարունակվում է։

Պետքարտուղարության զեկույցում խոսվում է անցած տարի սեպտեմբերին ինքնասպան եղած սերժանտ Արթուր Հակոբյանի մասին։

Միաժամանակ զեկույցի հեղինակները չեն շրջանցել զինծառայողներրին  ճնշումների ենթարկելու փաստերը։ Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ 2010 թվականին պաշտոնեական չարաշահման համար ձերբակալվել է Վարդան Մարտիրոսյանը։ Նա ձերբակալվել էր, երբ պարզ էր դարձել, որ զինվորներից գումարներ է շորթել։ Ստորաբաժանման մյուս աշխատակիցներ Արթուր Կարապետյանի եւ մայոր Արսեն Ներսիսյանի հանդեպ եւս պաշտոնեական չարաշահման փաստով քրեական գործեր էին հարուցվել։ Տարվա ավարտին Մարտիրոսյանի եւ Կարապետյանի հանդեպ քրեական գործը կարճվել էր։ Ներսիսյանի գործով հետաքննությունը դեռեւս շարունակվում է։

Զեկույցում նաեւ նշվում է, որ սեպտեմբերին YouTube կայքում «զինվորական համազգեստով անձանց հանդեպ դաժան վարվեցողության մասին սիրողական նկարահանում էր» հայտնվել։ Սեպտեմբերի 17-ին պաշտոնապես հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հայկական բանակում։ Զինվորներին նվաստացնող անձի ինքնությունը պարզվել էր, նա մայոր Սասուն Գալստյանն էր։ Գալստյանը ձերբակալվել էր եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման։