Միլիարդատեր եւ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, երբ երկրում հայտնվեն «առողջ քաղաքական ուժեր», իսկ իր գլխավոր ընդդիմադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կդադարի Վրաստան վերադառնալու փորձերը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
«Մեզ պետք են առողջ, ոչ թե քայքայող ուժեր: Ես հետ կնահանջեմ, երբ տեսնեմ, որ ավելի առողջ ուժեր են պայքարում իշխանության համար: Դրանից ոչ շուտ»,- Bloomberg-ին ասել է Իվանիշվիլին:
Պարբերականը նշում է, որ «միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին եւ նրա «Վրացական երազանք» կուսակցությանը վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները սպառնում են դառնալ քաղաքական մղձավանձ»:
Ինչպես գրում է Bloomberg-ը, ընտրությունների ժամանակ «գործարարը, որի ունեցվածքը հավասար է վրացական տնտեսության մեկ երրորդին, ձեռնարկել էր քայլեր, որոնք ստիպել էին ընտրողներին դուրս գալ փողոց՝ ի նշան բողոքի»՝ նա չի պահել համամասնական համակարգին անցնելու իր խոստումը:
Հեղինակներն ավելացնում են, որ հենց այդ պատճառով հազարավոր մարդիկ մասնակցում են ցույցերին՝ չնայած հատուկ նշանակության զորքերի եւ ջրանետների ներգրավման սպառնալիքին: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը ԵՄ-ը հայտարարել էին, որ օրինագծի ձախողումը, որը քարոզում էր Իվանիշվիլիի կուսակցությունը, խորը հիասթափություն է առաջացրել վրացիների շրջանում եւ աճող անվստահություն կառավարության նկատմամբ:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Վրաստանում բողոքի ցույցերի ներկայիս ալիքն առաջինը չէ այս տարվա ընթացքում:
Այսպես, հունիսին հազարավոր վրացիներ, որոնք դեռեւս զայրացած էին 2008 թվականին Ռուսաստանի ներխուժման պատճառով, փորձել են գրոհել խորհրդարանը, քանի որ «Վրացական երազանք»-ը հրավիրել էր Մոսկվայից օրենսդրի ելույթ ունենալ ուղղափառ արժեքների մասին:
Bloomberg-ի տեղեկություններով՝ 63-ամյա Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցը կայացել է ընտրական ռեֆորմի մասին վիճելի քվեարկության նախօրեին: Այդ ժամանակ միլիարդատերը հերքել էր ընդդիմության պնդումները, որ ինքն անձամբ փորձում էր արգելափակել նախաձեռնությունը՝ խուսափելով կորցնել իշխանությունը: Նա նաեւ հերքել էր մեղադրանքները, որ ինքը «կուլիսային կառավարիչ է»՝ «Վրացական երազանքի» «տիկնիկավար»:
Ինքը՝ Իվանիշվիլին, ասում է, որ ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը դեմոկրատական համակարգի հիմնումն է, որն ուղղված կլինի Վրաստանի բոլոր քաղաքացիներին: Երկրորդը կապված է նրա բարեգործական գործունեության հետ եւ կայանում է նրանում, որ հնարավոր դառնա կենդանացնել երկրի մշակութային ժառանգությունը եւ գրավիչ դարձնել այն՝ որպես զբոսաշրջային ուղղություն:
Հոդվածի հեղինակները համարում է, որ իր հսկայական ունեցվածքի եւ բարեգործական ծրագրերի շնորհիվ Իվանիշվիլին կարողացել է ստանալ երկրում աննախադեպ իշխանություն, որտեղ միջին աշխատավարձը կազմում է ամսական շուրջ 400 դոլար:
Նրանք հասկանում են, որ Իվանիշվիլին կուտակել է իր ունեցվածքը Ռուսաստանում, իսկ 2011 թվականին վերադառնալով Վրաստան՝ վաճառել է իր ակտիվների մի մասը մոլի հակառուսական «Միասնական ազգային շարժման» դեմ պայքարին ուղղված շարժումը ֆինանսավորելու համար, որի առաջնորդն էր նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Ընտրություններում հաղթանակից հետո Իվանիշվիլին հրաժարվել էր ռուսական քաղաքացիությունից վարչապետ դառնալու համար, սակայն արդեն մեկ տարի անց լքել պաշտոնը, քանի որ ասել էր, որ ցանկանում է խուսափել ուշադրությունից, ասվում է նյութում:
«Ես կգերադասեի այգեպան լինել, ոչ թե քաղաքական գործիչ»,- Bloomberg-ին ասել է Իվանիշվիլին:
Հոդվածում ասվում է, որ որպես քաղաքականության մեջ իր մյուս կարեւոր նպատակ՝ Իվանիշվիլին տեսնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Նրա խոսքով՝ դա եւս մեկ պատճառ է, որի համար նա դեռեւս չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:
«Այն, ինչ արեց Ռուսաստանը, խելամիտ չէ: Սակայն եթե մենք պատ կառուցենք եւ սկսենք տարածել ատելություն, սկսենք վիրավորել միմյանց, ինչպես դա անում էր Սաակաշվիլին, իրավիճակը երբեք չի հանգուցալուծվի ինքնութույն»,-հայտարարել է միլիարդատերը:
Իվանիշվիլին նաեւ հավելել է, որ չի կարող թողնել քաղաքականությունը, քանի դեռ չի հայտնվել «պատասխանատու» կուսակցություն, որը կփոխարինի «Միասնական ազգային շարժումը»:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Իվանիշվիլիի եւ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո ՄԱԺ-ի առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին լքել էր երկիրը եւ հեռակա կարգով մեղադրվել մի շարք ենթադրյալ հանցագործություններ կատարելու մեջ, որոնք նա անվանում էր քաղաքապես մոտիվացված:
«Իվանիշվիլին համարում է, որ ինքը պետք է որոշում կայացնի վրաց ժողովրդի փոխարեն, թե ով պետք է լինի վրացական քաղաքական դաշտում. դա դիկտատորների դասական ճնշման օրինակ է…Կալանքի սպառնալիքը չի խոչընդոտի Վրաստան իմ վերադարձին, սակայն երբ դա տեղի ունենա, դեռեւս հարցեր կլինեն»,-ասել է Սաակաշվիլին Bloomberg-ին տված հեռախոսային հարցազրույցում:
Իվանիշվիլին հայտնել է Bloomberg-ին, որ պատրաստվում է ավելի մեծ ակտիվությամբ զբաղվել իր բարեգործական գործունեությամբ, որպեսզի ի վերջո դրանց վրա ծախսվի իր ունեցվածքի 90 տոկոսը: Նա նաեւ հավելել է, որ արդեն ծախսել է ավելի քան 600 միլիոն դոլար համերգային դահլիճներ, թանգարաններ, մարզադաշտեր, բուսաբանական այգիներ, հիվանդանոցներ եւ եկեղեցիներ վերականգնելու կամ կառուցելու համար:
Նրա ռազմավարությունն ունի նաեւ կոմերցիոն մաս: Այն կայանում է նրանում, որ կառուցվեն հյուրանոցներ, այնուհետեւ վաճառվեն դրանք ցածր գնով՝ այդկերպ խթանելով հետագա ներդրումները: Որպես օրինակ՝ Իվանիշվիլին նշել է Paragraph հյուրանոցը սեւծովյան Շեքվեթիլի գյուղում: Նորաոճ հյուրանոցը, որի կառուցումն արժեցել է 120 միլիոն դոլար, Իվանիշվիլին խոստանում է վաճառել 60 միլիոն դոլարով:
Bloomberg-ը նշում է Իվանիշվիլիի այլ նախաձեռնության՝ 600 հազար քաղաքացիների բանկային պարտքերի մարման ծրագրի մասին, որը մեկնարկել է անցյալ տարվա ընտրությունների նախօրեին: Հեղինակները հիշեցնում են, որ, ըստ ԵԱՀԿ-ի, այդ նախաձեռնությունը թույլ է տվել իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին օգտվել այդ հնարավորությունից:
Իվանիշվիլին բացառում է, որ երբեւէ կդառնա վարչապետ: Նա նաեւ ակնարկել է, որ հեռանալով, հնարավոր է, անհրաժեշտ կլինի սպասել, քանի դեռ նա չի համոզվի, որ իր ոխերիմ թշնամի Սաակաշվիլին թողել է քաղաքական հարթակ վերադառնալու փորձերը:
«Եթե մենք այսօր ունենայիք այլընտրանք «Վրացական երազանքին» բացի «Միասնական ազգային շարժում»-ից, ես կհեռանայի, եւ դուք չէիք տեսնի ինձ քաղաքականության մեջ կամ խորհրդարանում: Ես դուրս չէի գա իմ գյուղից»,-ասել է միլիարդատերը:



























