Թունիսում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին: 

Ավելի վաղ Թունիսի ՆԳՆ-ում հայտնել էին, որ զոհվել էր 22 եւ վիրավորվել 21 մարդ ավտովթարի հետեւանքով: Համաձայն նախարարության հայտարարության՝ ավտոբուսը շրջվել էր եւ ընկել փոսը: Դրանում գտնվում էր 43 մարդ՝ մեծամասամբ դպրոցականներ եւ ուսանողներ, որոնք ուղեւորվում էին քաղաքից դուրս: Հաղորդվում է, որ ավտոբուսն դուրս էր եկել Թունիսի մայրաքաղաքից եւ պատկանում էր մասնավոր զբոսաշրջային գործակալություններից մեկին:

«Դեպի Այն Դարահիմ ուղեւորվող զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետաեւնքով զոհերի թիվը հասել է 24-ի»,-հեռուստաալիքը մեջբերում է ՆԳՆ-ի հաղորդագրությունը:

Ինչպես հաղորդել են թունիսյան ԶԼՄ-ները, երկրի նախագահ Քեյս Սաիդը եւ վարչապետ Յուսիֆ Շախիդը ժամանել են դեպքի վայր: Միեւնույն ժամանակ Թունիսի խորհրդարանը դիմել էր ներքին գործերի եւ առողջապահության նախարարություններին փրկարարական գործողությունները վերահսկելու եւ վթարի զոհերի ընտանիքներին նյութական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար: Իր հերթին Թունիսի առողջապահության նախարարությունը հայտարարել էր տուժածների համար արյուն հանձնելու ազգային արշավի մասին: