ԱՄՆ-ը տուրքերի հարցով Եվրամիության հայցը մերժելու Առեւտրի համաշխարհային կազմակերպության արբիտրաժի որոշման լույսի ներքո կարող է նոր տուրքեր սահմանել եվրոպական ապրանքների վրա։ Այս մասին ասվում է առեւտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօրվա որոշումները հաստատում են, որ ԵՄ սուբսիդիաների շարունակությունը բացասական ազդեցություն ունի եւ նաեւ եվրոպական կառավարությունները նույնիսկ ընդլայնել են սուբսիդիաները՝ վերաթողարկելով Airbus-ին օգնություն տրամադրելու պայմանները։ Ավելին, արբիտրաժը եկել է այն եզրակացության, որ ԵՄ-ի զգալի կորպորատիվ բարեկեցությունը տանում է դեպի ամերիկյան աերոտիեզերական ընկերությունների եկամուտների կրճատում»,- ասվում է տեքստում։

Վաշինգտոնի կարծիքով, Եվրոպան շարունակում է կենտրոնանալ անօգուտ դատավարությունների վրա, փոխանակ լուծի Airbus-ի սուբսիդիաների հետ կապված հարցը։

ԱՀԿ-ի արբիտրաժը մերժել է այն տուրքերի չափի մասին ԵՄ հայցը, որոնք ԱՄՆ-ը, դատարանի ավելի վաղ կայացրած որոշման համաձայն, կարող է դնել ԵՄ-ից ապրանքների եւ ծառայությունների վրա՝ կապված Airbus ավիաշինարարական ընկերության սուբսիդավորման կանոնների խախտման հետ։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ին թույլատրված պատասխան միջոցները նախկինի պես տարեկան կազմում են մոտ 7,5 մլրդ դոլար, երկուշաբթի լրագրողներին հայտնել է առեւտրային ներկայացուցիչներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ։