Ամերիկյան հասարակական կազմակերպությունները ակտիվորեն աջակցել են Հոնկոնգ հատուկ վարչական շրջանում ագրեսիվ տրամադրված արմատականներին եւ ծայրահեղ բացասական դեր են կատարել անկարգությունների հրահրման հարցում։ Այս մասին երեքշաբթի օրը հրավիրած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքերով՝ առաջիկայում ինքը լրագրողներին կպատմի Հոնկոնգում ամերիկյան ՀԿ-ների անընդունելի գործողությունների մանրամասները։
Ավելի վաղ Չունյինը հայտնել էր, որ Հոնկոնգում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի ընդունած օրենքին ի պատասխան՝ Չինաստանը սահմանափակման միջոցառումներ է մտցրել՝ դադարեցրել է ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցն այդ հատուկ շրջան եւ պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ National Endowment for Democracy, International Republican Institute, Human Rights Watch, Freedom House եւ այլ ՀԿ-ների դեմ։
Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ ստորագրել էր օրենք, որը ամերիկյան վարչակազմից պահանջում է Հոնկոնգում իրավիճակի մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել օրենսդիրներին եւ նախատեսում է պատժամիջոցների սահմանում այն անձանց հանդեպ, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են այդ ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոտնահարման համար։





























