Ֆրանսիայի իշխանությունների տեղեկացմամբ՝ Ստրասբուրգից 25 կիլոմետր հեռու գտնվող Վեսթոֆեն կոմունայի հրեական գերեզմանատանը անհայտ անձինք պղծել են ավելի քան 100 գերեզման։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիսթոֆ Քաստաներն «այդ զզվելի արարքներն» անվանել է «մեր հանրապետության արժեքների անարգում»։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն անում է ամեն ինչ մեղավորներին գտնելու համար։ Միջադեպի առիթով իր զայրույթն է հայտնել նաեւ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։
Պղծվել է 107 շիրիմ, դրանց վրա նկարվել են սվաստիկաներ, հակասեմական գրություններ։ Գերեզմանատանը մոտ 700 գերեզման կա։
Էլզասն արդեն մի քանի տարի բախվում է հակասեմության հողի վրա հանցագործությունների աճին. փետրվարին Կաթզենայմ կոմունայում, որը Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում է, անհայտ անձինք պղծել են մոտ 80 գերեզման հրեական գերեզմանատանը՝ դրանց վրա նացիստական խորհրդանշաններ պատկերելով։ Նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 19-ին այցելել է Կաթզենայմ, նույն օրը Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ընդդեմ հակասեմականության։





























