Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին սպիտակ ձիով անցել է սուրբ լեռով իր երկրորդ խորհրդանշական այցի ժամանակ։

ՑՏԱԿ-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցում Կիմը սպիտակ ձի հեծած ձյունապատ Պաեկտու լեռան վրա է՝ իր կնոջ եւ այլ պաշտոնյաների հետ, որոնք նույնպես սպիտակ ձիերով են։

Ավելի վաղ, հոկտեմբերի կեսին կրկին ձիով Կիմը բարձրացել էր լեռան վրա, որ Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթն է։

Պաեկտու լեռը եւ սպիտակ ձիերը խորհրդանիշներ են՝ կապված նրա ընտանեկան դինաստիայի կառավարման հետ։ Նա արդեն այցելել էր այնտեղ կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ։

Reuters-ը հայտնում է, թե վերլուծաբանները կարծում են, որ այդ ուղեւորությունը կարող է ահազանգել միջազգային հանրության հանդեպ Փհենյանի առավել կոնֆրոնտացիոն դիրքորոշման մասին։

Ավելի վաղ Փհենյանը ԱՄՆ-ին նախազգուշացրել էր, որ մինչեւ դեկտեմբերի վերջը ժամանակ է տալիս փակուղի մտած միջուկային բանակցությունների վերսկսման համար, այլապես Հյուսիսային Կորեան կգնա «նոր ուղով»։ Վերլուծաբանները կարծում են, որ դա կարող է ներառել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումը կամ միջուկային փորձարկումները վերսկսելը։