Վրաստանի կառավարությունը որոշել է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը վաճառել Խրամ գետի վրա գտնվեղ 2 հիդրոէներգետիկ կասկադները` 104 մլն դոլարի դիմաց: Այս լուրը նույնիսկ արժանացել է միջազգային լրատվամիջոցների ուշադրությանը: BBC-ն գրում է, որ գործարքը տեղի է ունեցել Վրաստանի եւ Ռուսատանի միջեւ լարված հարաբերությունների ֆոնի վրա: Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը մինչ ադ հանդիսանում էր Խրամի հիդրոկայանների հավատարմագրային  կառավարիչը:

Ռուս-վրացական գործարքը կարելի է անակնկալ համարել Հայաստանի համար, քանի որ 1 ամիս էլ չի անցել, երբ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ռուսական մեկ այլ ընկերության` «Ռուս Հիդրո»-ին վաճառեց Սեւան-Հրազդան կասկադը: Ստացվում է` նրանք հայկական ակտիվները վաճառել են, որպեսզի կարողանան Վրաստանում այլ ակտիվներ ձեռք բերել:

Վրաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ գործարքը շահավետ է ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնիկական առումով, քանի որ ռուսական ընկերությունը հանձն է առել կառուցել 3 նոր հիդրոկայաններ` ներդնելով 193 մլն դոլար:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի տարածած հաղորդագրության մեջ հաստատվում է Վրաստանում խոշոր գնումներ կատարելու տեղեկատվությունը, սակայն նշվում է, որ գործարքը դեռ վերջնականապես չի կայացել:

Խրամ գետի հիդրոկայաններն արտադրում են Վրաստանի էլեկտրաէներգիայի մոտ 5 տոկոսը; 2008 թ. դրանցում արտադրվել է 558 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, որի տնօրենների խորհրդի նախագահը Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինն է, արդեն իսկ զգալի ակտիվներ ունի Վրաստանի էներգետիկ համակարգում: Նրանց է պատկանում Թբիլիսիին էլեկտրաէներգիա մատակարաող «Թելասի» բաշխիչ ցանցը, 1 ջերմաէլեկտրակայան, ինչպես նաեւ Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանող AES Transenergy ընկերությունը:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը զգալի ակտիվներ ունի նաեւ Հայաստանում: Ընկերությունը հանդիսանում է Հայկական ատոմակայաի կառավարիչը, Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատերն է: