«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ եւ «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել ապրիլի 7-8 Թբիլիսիում կայացած խորհրդակցության արդյունքում, այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Երկու գերատեսչությունների ղեկավարները «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը եւ «ՎԵ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան ստորագրել են Համագործակցության մասին համաձայնագիր, որով «ՀԿԵ»-ն եւ «ՎԵ»-ն երկաթուղային փոխադրումների ավելացման, շարժակազմի, ենթակառուցվածքի, տեղեկատվության փոխանակման, անվտանգության բարձրացման հարցերում համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Կողմերը, որպես գերակայություններ նշել են արագ եւ սպառիչ տեղեկատվության փոխանակում, փոխադրումների ծավալի ավելացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Կողմերը ընդգծել են նաեւ երկաթուղային տրանսպորտի արդիականացման, բարձր արագության երթեւեկության, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների կազմակերպման առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակման կարեւորությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ եւ «ՎԵ» ՍՊԸ ստորագրել են նաեւ միջազգաին բեռնափոխադրումների մասին էլեկտրոնային տվյալների, Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտային ծառայությունների շուկայի մարքեթինգային ուսումնասիրությունների արդյունքների փոխանակման մասին համաձայնագրեր, ընդհանուր հատվածներում երկաթուղային վթարների դեպքերում անվճար փոխադարձ օդնության մասին համաձայնագիրը, կոնտեյներային փոխադրումների հաշվարկների մասին պայմանագիրը:
Խորհրդակցության ժամանակ կողմերը որոշել են հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը նշանակել Երեւան-Բաթումի-Երեւան ամենօրյա ֆիրմային գնացքը եւ Երեւան-Բաթումի-Երեւան լրացուցիչ գնացքը, որը կգործի երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Երեւան-Բաթումի-Երեւան ամենօրյա ֆիրմային գնացքի երթեւեկության ժամանակահատվածի համար կողմերը վերացրել են Երեւան- Թբիլիսի-Երեւան գնացքի երթեւեկությունը:
Մինչեւ մայիսի 15-ը տեղի կունենա կողմերի եւս մեկ հանդիպում, Հայաստանի եւ Վրաստանի մաքսային եւ սահմանապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի շամանակ կճշտվեն Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի երթեւեկության բոլոր հարցերը եւ գրաֆիկը:





























