Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը քննարկելու է Հայաստանում գազամատակարարման հարցերը: Այդ մասին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա նկատել է, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ փոխզիջման արդյունքում ՀՅԴ-ն համաձայնել է հետ կանչել իր` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը եւ համաձայնել է համապատասխան աշխատանքային խմբի ստեղծմանը: Հովհաննիսյանը նաեւ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին կոչ է արել ՀՅԴ-ին հանձնել այդ խմբի ղեկավարումը: «Մենք շատ ակտիվ կլինենք»,- խոստացավ Հովհաննիսյանը:

Ի դեպ, ՀՅԴ-ն նաեւ պայմանավորվածության է հանգել, որ ապրիլի 12-ին Ազգային Ժողովն արտահերթ կարգով քննարկելու է սպառողական զամբյուղի եւ նվազագույն թոշակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: