Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ փոխգործակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ճաոյի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ասիական Զարգացման Բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ասիական տարածաշրջանում: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
ՀՀ նախագահն առանձնացրել է բանկի աջակցությամբ առանցքային այնպիսի ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» եւ հանրապետության տարածքային զարգացմանն ուղղված «Հայաստան. քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հյուսիս-հարավ երկաթգծի կառուցման ծրագրի նախապատրաստման գործում ԱԶԲ-ի հնարավոր օժանդակության, գյուղատնտեսական ապրանքների արտահանման խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաեւ բանկի կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցության հարցերին:




























