Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը համաձայնել է հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել փոխնախագահին:

Եմենում իրավիճակի կարգավորման ծրագիրը ներկայացվել էր Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Հայտարարության մեջ ասվում է, թե Սալեհը դեմ չէ իշխանությունը խաղաղ հանձնելուն: Համաձայն պլանի` Սալեհը պետք է վայր դնի իր լիազորությունները եւ իշխանությունը հանձնի փոխնախագահ Աբդռաբու Մանսուր Հադիին: Եմենում անցումային կառավարություն է ստեղծվելու եւ ժողովրդավարական ընտրություններ են անցկացվելու: Փոխարենը Սալեհին երաշխավորվելու է անձեռնմխելիություն եւ ապաստան հարեւան երկրներից մեկում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, միայն անցած շաբաթ Եմենում անվտանգության ուժերի հետ բախումներում մի քանի մարդ էր զոհվել, հարյուրավորները վիրավորվել էին: Բողոքի ցույցերը Եմենում չէին դադարում արդեն երկու ամիս: