Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն չի մեկնաբանել իսրայելական զինագործական Elbit Systems-ի հավակնությունները: Ընկերությունը բրիտանական դատարանին 100 մլն դոլարի հայց է ներկայացրել Վրաստանի կառավարության դեմ:

«Քանի որ այդ հարցում մենք չենք պատշաճ պատասխանողը, սահմանափակ տեղեկությունների ենք տիրապետում: Առայժմ հայտնի չէ, թե որ գործարքի արդյունքում է առաջացել այդ պարտքը: Դա կպարզի դատարանը»,- ասել է Կալանդաձեն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Elbit Systems ընկերությունը հայց է ուղարկել  բրիտանական դատարան եւ պահանջում է, որպեսզի Վրաստանի կառավարությունն իրենց վճարի 100 մլն դոլար:

«Հայցի պատճառ է դարձել այն, որ Վրաստանի կառավարությունը իսրայելական ընկերությանը չի վճարել 2007 թվականին կնքված մի քանի պայմանագրերով նախատեսված զենքի մատակարարումների համար»,- հայտարարել է իսրայելական ընկերության ներկայացուցիչը: Ավելի վաղ նշվում է, որ Վրաստանն այդ ժամանակահատվածում Elbit Systems ընկերությունից 100 մլն դոլարի զենք է գնել, այդ թվում 40 անօդաչու թռչող սարքեր` «Hermes 450»: Հայտնի է նաեւ, որ իսրայելական ընկերությունը աջակցել է Վրաստանին` Սու-25 գրոհային օդանավերի մոդեռնիզացիայի գործում, որոնք թողարկվում են Թբիլիսիի ավիագործարանում: