Վրաստանի խորհրդարանի խոսնակը հույս ունի, որ ԵԽԽՎ-ում իր երկրի վերաբերյալ բանավեճերը դրական ելք կունենան։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանական բյուրոյի նիստի ընթացքում:

«Հուսով եմ, որ Ստրասբուրգից լավ նորություններ կստացվեն, մանավանդ որ քննարկվելու են ռուս-վրացական հարաբերություններին եւ օկուպացիային առնչվող հարցեր։ Հուսով եմ, որ շաբաթվա վերջին մեր պատվիրակությունը կվերադառնա լավ նորություններով»,- հայտարարել է Դավիթ Բաքրաձեն։

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը Ստրասբուրգում մեկնարկել է ապրիլի 11-ից։ Նստաշրջանի գլխավոր թեմաները կլինեն Վրաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ որոշ երկրներում մահապատժի պահպանման իրավիճակին առնչվող հարցեր։

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանին  վերաբերող հարցեր չեն քննարկվի։

Թեպետ ԵԽԽՎ գարնանային  նստաշրջանում Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր չեն քննարկվելու, սակայն այդ կառույցում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ պատվիրակության մյուս անդամները բարձրաձայնելու են Հայաստանին, ԼՂՀ-ին եւ Հարավային Կովկասի տարածաշրրջանին առնչվող գերակա մի շարք խնդիրներ։