Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 11-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել ՀՀԿ-ի հրավերով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, եւ այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Նախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը եւ ընդգծել, որ ՉԺՀ-ի ներգրավվածության մեծացումը մեր տարածաշրջանում միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը:
«Մենք շատ ուրախ ենք Ձեր ղեկավարությամբ գործող ՀՀԿ հրավերով Հայաստան այցելելու համար: Այցի նպատակն է` նպաստել երկու երկրների եւ նաեւ իշխող կուսակցությունների միջեւ քաղաքական երկխոսության, փոխշահավետ համագործակցության ու հայ-չինական ավանդական բարեկամության զարգացմանը: Տարածաշրջանում մենք Հայաստանը դիտում ենք իբրեւ վստահելի ու կարեւոր գործընկեր»,- ասել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը:
Զրուցակիցները կարեւորել են առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Նշվել է, որ չինական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ` մասնակցելու Երեւանում անցկացվելիք հայ-չինական գործարար համաժողովին, որը նպատակ ունի նպաստել գործարար շփումների ակտիվացմանը, քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ արդեն 12 տարի ՀՀԿ-ի հետ Չինաստանի կոմկուսը սերտորեն համագործակցում է, ինչը նպաստում է նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:




























