Երեւանում ընթացող հայ-չինական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանանել մի քանի տասնյակ չինացի գործարարներ։
NEWS.am-ը փորձեց չինացի գործարարներից տեղեկանալ, թե ինչ կոնկրետ ծրագրեր կարող են Հայաստանում իրականացնել:
Ճանապարհների ու կամուջների շինարարության չինական կորպորացիայի ներկայացուցիչ Թին Սյաո Չանն ասաց, որ ցանկանում են մասնակցել ճանապարհաշինական աշխատանքների հայաստանյան մրցույթներին։
Հատկապես հետաքրքրություն են ցուցաբերում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման մրցույթին, սակայն նաեւ պատրաստակամություն հայտնեց երկաթուղային ճանապարհների կառուցման առումով։
Մեր մյուս զրուցակիցը ներկայացնում էր «Էքսիմբանկը»։ Դա պետական բանկ է, որի հիմնական նպատակն է՝ օժանդակել չինական ընկերություններին՝ դուրս գալ արտաքին շուկա։ Հայաստանում առայժմ ներկայացուցչություն չեն բացի, քանի որ մի փոքր տարբերվում են առեւտրային բանկերից, նույնիսկ Չինաստանում ներկայացուցչություններ քիչ ունեն։ Սակայն եթե բիզնես-ֆորումի ժամանակ իրենց համապատասխանող ծրագրեր լինեն, ապա աշխատանքային խումբ կստեղծեն՝ դրանք ուսումնասիրելու համար։ Չինացի հյուրն ասաց, որ առայժմ հայկական բանկերին ծանոթ չենք, չունեն ուղղակի կոնտակտներ։
Այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք հայկական բիզնեսը չինական բանկից վարկ վերցնել՝ դրական պատասխան տվեց։ Օրինակ՝ հայերը կարող են վարկ ստանալ չինական շուկայում աշխատելու համար եւ այլն։ Պայմանները կախված են ծրագրի բնույթից։ «Այսօր կծանոթանանք տեղական ընկերությունների եւ բանկերի հետ, որից հետո կորոշենք համագործակցության շրջանակները»,- ասաց «Էքսիմբանկի» ներկայացուցիչը։




























