Սուրբ Հարության տոնին` Զատկին ընդառաջ հանրապետությունում սպասվող ձվի դեֆիցիտը կանխելու համար «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկան ձու է ներկրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆաբրիկայի համասեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Ձուն ընկերությունը ներկրել է Ուկրաինայից, իսկ թե ինչ քանակությամբ, Մանուկյանը չնշեց:
«Ներկրել ենք այն քանակությամբ, որ շուկայում ձվի պակասորդ չի առաջանա»,-հավաստիացրեց Մանուկյանը: 2010-ի վերջին ամսիներին, երբ ձվի շուկայում դեֆիցիտ արձանագրվեց, «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան ձու էր ներկրել հարեւան Իրանից: Մինչդեռ ներկայումս Իրանից ձու չի ներկրվել, քանի որ, ինչպես նշեց Խաչիկ Մանուկյանը, Իրանում եւս ձվի պակաս կա:
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրենը հավաստիացրեց, որ ձվի գինը նախորդ տարվա վերջին ամիսների պես չի թանկանա` հասնելով ընդհուպ 100-120 դրամի: «Այսօր ձուն արժե 50-52 դրամ: Ինձ թվում է` այս գինը կպահպանվի նաեւ մինչեւ Զատիկ` ապրիլի 24-ը եւ դրանից հետո: Ես գրեթե վստահ եմ, որ որեւէ պրոբլեմ չի առաջանա»,-վստահեցրեց Մանուկյանը: Նա միաժամանակ չբացառեց, որ որոշ սպեկուլյանտներ մեծ քանակությամբ ձու գնեն եւ թանկ գներով վերավաճառեն, ինչպես որ վարվեցին Նոր տարվա տոներից առաջ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Զատկի տոնին ընդառաջ սպասվող ձվի դեֆիցիտի կանխարգելման նպատակով իշխանությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել: Մասնավորապես` կազմակերպվել է ձվի ներկրում Ուկրաինայից եւ արգելվել է ձվի արտահանումը Հայաստանից:
Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին 100 միլիոն դրամով տուգանեց հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային»:
Ըստ ՏՄՊՊՀ-ի` այս ընկերության կողմից իր արտադրանքը շուկա չհանելու հետեւանքով 2010 թվականի դեկտեմբերին ստեղծվել է դեֆիցիտ, իսկ այդ երեւույթը գնահատվել է իբրեւ գերիշխող դիրքի չարաշահում:




























