Մինչ միջազգային շուկաներում դոլարն անհուսալիորեն պարտվում է եվրոյի հետ մրցակցությունում, Հայաստանում, ընդհակառակը, ավելի ու ավելի ամրապնդում է իր դիրքերը:
Այսօր՝ ապրիլի 12-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,33 դրամ՝ նախորդ օրվա 375,98-ի համեմատ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 7,1 մլն դոլար։ Բոլոր գործարքները տեղի են ունեցել առեւտրային նստաշրջանը փակելուց առաջ։
Այսպիսով՝ այսօր դրամի արժեզրկումը կազմել է 0,36 տոկոս կամ 1,35 միավոր։ Թեեւ նախորդ օրվա համեմատ դրամի արժեզրկման տեմպը դանդաղել է՝ սակայն այս միտումը պահպանելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ դոլարը կթանկանա 380 դրամից։ Նշենք, որ բորսան փակվել է ավելի բարձր գնով, քան բացվել էր, այսինքն՝ թանկ դոլարի նկատմամբ պահանջարկը պահպանվում է։
Բանկերի մոտ ձեւավորվել են դրամի արժեզրկման սպասումներ, ինչի արդյունքում բանկերում կուտակված ավելցուկային դրամը սկսել է հորդել արժութային շուկա՝ ստեղծելով անհարկի աժիոտաժ։ Բավական է ասել, որ միայն անցյալ շաբաթ առեւտրային բանկերը Կենտրոնական բանկին պահ են տվել 104 մլրդ դրամ՝ ոչինչ չվերցնելով։ Այս միտումը շարունակվում է նաեւ այս շաբաթ։ Այսպես՝ երեկ ԿԲ-ն բանկերից ներգրավել է եւս 28 մլրդ դրամ։
Այս ամենը խոսում է այն մասին, որ բանկային համակարգում կուտակվել են մեծ քանակությամբ չաշխատող փողեր, որոնք տնտեսությանը վարկավորելու փոխարեն անհարկի «փչում են» փոխարժեքը։
Սամվել Ավագյան




























