Հայաստանի խորհրդարանը քննարկել է նվազագույն սպառողական զամբյուղի, նվազագույն թոշակների եւ նպաստների մասին ՀՅԴ օրինագիծը։
Փաստաթղթով, մասնավորապես, նախատեսվում է նվազագույն սպառողական զամբյուղի չափը հասցնել 61 հազար դրամի, նվազագույն թոշակները եւ նպաստները եւս դրանից ցածր չպիտի լինեն։
Ներկայումս Հայաստանում նվազագույն թոշակի չափը 28 հազար դրամ է, իսկ նվազագույն նպաստինը՝ 27 հազար դրամ։ Իսկ ահա նվազագույն սպառողական զամբյուղի չափն ընդհանրապես սահմանված չէ:
Ինչպես խորհրդարանի ամբիոնից ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Հայաստանի կառավարությունն ունի այդ փոփոխությունների համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները։ Նա նաեւ հայտարարեց, որ ներկայումս Հայաստանի կառավարությունը աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականություն է իրականացնում։
«Կառավարությանը եւ իշխանություններին կառավարելի ստվերային տնտեսություն է պետք։ Այսօր շնորհիվ կառավարության տնտեսական քաղաքականության՝ ժողովուրդը դատապարտված է աղքատության, նա չի հավատում ապագային, մարդիկ կյանքին վերջ են տալիս ինքնասպանությամբ, խելագարվում են, լքում են իրենց հայրենիքը։ Եվ սա կառավարության վատ աշխատելու պատճառով»,- ամփոփեց Մինասյանը:
Նշենք, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը եւ կառավարությունը դեմ են այս օրինագծին՝ ասելով, որ նմանօրինակ բարեփոխումների համար պետությունը միջոցներ չունի:




























