ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներողություն է  խնդրել գրող, հրատարակիչ Վաչագան Սարգսյանից եւ ասել, որ չի հերքում, ո կոպիտ է արտահայտվել: Այս մասին պատգամավորը ֆեյսբուքյան  գրառում է կատարել:

«Հարգելի պարոն Սարգսյան,

Տեսա Ձեր գրառումն ու, անկեղծ ասած, հարկ համարեցի արձագանքել մի քանի պատճառով…

Տարիներ շարունակ ամեն շաբաթ «Իններորդ հրաշալիք»-ին եմ սպասել և այն սիրով վերընթերցել…

Ձեր «Հայերենը ափի մեջ շարքի» շնորհիվ է, որ համադասարանցիներիս շրջանակում սեր արթնացրիք լեզվաբանության հանդեպ…

Պարոն Սարգսյան, Ձեր կողմից առաջ բերված փաստարկների հետ համամիտ չեմ, սակայն և չեմ հերքում, որ շատ կոպիտ եմ արտահայտվել…

Ձեր՝ ինձ ուղղված բնութագիրը շատ վիրավորական էր, սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը և վստահ եմ, որ կկարողանանք միասին քննարկել, թե գրքի այդ պատկերներում ինչն է, որ այդքան անընդունելի է իմ և փորձագիտական համայնքի մի քանի ներկայացուցիչների համար:

Պարոն Սարգսյան, տառերի ուսուցման Ձեր մեթոդը շատ լավն է, բայց իմ համեստ պատկերացմամբ այս դասագիրքն ավելի համալիր մոտեցում է պահանջում:

Սիրով կսպասեմ Ձեր արձագանքին»,- գրել է նա:

Նշենք, որ Վաչագան Սարգսյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել էր նրա հայտարարությանը, թե  «Վաչագան Սարգսյանի Այբբենարանի տեղն աղբանոցում է»: