Հանրային խորհուրդը ստեղծվել էր 2008 թվականի մարտի 1-ից հետո, եւ այդ ժամանակ հասարակության զգալի մասը խորհրդարանում ներկայացված չէր: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ երրորդ նախագահը հույս ուներ, որ առաջին նախագահի կողմնակիցները կմտնեն ՀԽ, եւ այս մարմինը փոքր-ինչ կփոխհատուցի խորհրդարանին, սակայն առաջին նախագահը մերժեց, քանի որ քաղաքական գործչի տեղը խորհրդարանում է կամ կառավարությունում, այլ ոչ Հանրային խորհրդում:
«Դրանից հետո Հանրային խորհուրդը վերածվեց ավելորդ մարմնի, եւ կշարունակի այդպիսին մնալ, քանի որ երկրի ղեկավարները դեռեւս անձնական իշխանության են ձգտում, եւ նրանք խորհուրդներին ականջալուր չեն լինի: Այսօր արտախորհրդարանական ընդդիմությունը ՀԽ չի գնա, քանի որ դա կնշանակի, որ կընդունեն Փաշինյանի իշխանությունը: Սակայն եթե նրանք ցանկանային դրան գնալ, չէին լինի դատական եւ այլ գործընթացները, որոնք այսօր տեսնում ենք»,- նշեց նա:
Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Կառավարության որոշմամբ Հայաստանի հանրային խորհրդի ղեկավար է նշանակվել Ստեփան Սաֆարյանը: Դրանից հետո Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ՀԽ կազմից դուրս է եկել:




























