Ձկնաբուծության ոլորտում 2011թ. արտահանման կարողությունները առնվազն երկու անգամ ավելանալու են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօր` ապրիլի 13-ին այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնքում գործող «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերություն:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շրջել է ձեռնարկությունում, տեղեկացել է ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման հանձնարարականի իրականացման ընթացքի մասին: Ներկայացվել ձեռնարկության արտադրական հնարավորությունները ու զարգացման հեռանկարային ծրագրերը:
Վարչապետը նշել է, որ անցյալ տարի Հայաստանից 400 տոննա ձկնամթերք է արտահանվել, իսկ այս տարի նախատեսվում է ամենաքիչը 800 տոննա ձուկ արտահանել: «Այսօր, երբ ծանոթանում ենք ձկնաբուծական ընկերությունների ցուցանիշներին ու ծրագրերին, հնարավոր է` այդ ծավալներն ավելի մեծ լինեն»,- ասել է նա:
Անդրադառնալով ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման խնդրին ու մտահոգություններին` վարչապետը նշել է, որ տնտեսություններում ժամանակակից ջրաչափերի տեղադրման աշխատանքներն իրականացվում են: «Արդյունքում, եւ մենք հանգիստ կլինենք, եւ իրենք, որ օգտագործված ջրի հաշվառումը պատշաճ մակարդակով է իրականացվում: Նման բարդ տնտեսություն ունենալով` այդ ջրաչափերի տեղադրումը պարզապես անհրաժեշտություն է»:





























