Գիտության պետական կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանը, որը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, պնդում է, որ ԿԳՄՍ նախարարության հետ ոչ մի խնդիր չունի։

«Ոչ մի պատճառ չկա։ Արդեն 12 տարի է՝ այս աշխատանքի մեջ եմ եւ կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո պետք է դուրս գալ, չի կարելի շատ երկար նույն տեղում մնալ։ Հետո՝  փոխարինողներ կան, երիտասարդներ, թող գան փոխարինեն։ Ինչ-որ խնդիրներ, հակասություններ չեն եղել։ Ասում էի, որ արդեն իմ թոշակային տարիքը մոտենում է»,-NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ իշխանության հետ աշխատել է առանց խնդիրների, ռազմավարական նշանակության բոլոր հարցերի հետ համամիտ է եղել. «Գուցե տակտիկական հարցերում տարաձայնություններ եղել են, բայց դա էլ աշխատանքային բան է»։ 

Սամվել Հարությունյանը հայտնեց, որ հրաժարականի մասին դեռ 2018 թ. նոյեմբերին է խոսել  նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Նա կշարունակի դասախոսել Երեւանի պետական համալսարանում։ 

Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա ազատվել է գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: